Գլխավոր » Հոդվածներ » Հոդավծներ Դպրոցի Մասին

"Կրթություն" 2008.
ՃԱՆԱՉՈՒՄԸ ՄՏԵՐՄԱՑՆՈՒՄ Է
(ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՊԻՏԻ ՇՓՎԵՆ,
ՃԱՆԱՉԵՆ ՄԻՄՅԱՆՑ`ՆԱԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ)

    2005թ-ին Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի երաժշտական դպրոցի սաները Հայաստանում մասնակցեցին մանկական երաժշտական փառատոնի: Այս կապակցությամբ Երևանի թիվ 17 արվեստի դպրոցի տնօրեն Արմինե Մուրադյանը կրթօջախի դահլիճը սիրով տրամադրեց նրանց` փորձերի համար:
  Այսպես սկսվեց երկու դպրոցների բարեկամությունը. երեխաները մտերմացան, սիրեցին միմյանց: Հոգևոր-մշակութային կամուրջը գցված էր: Ծնվեցին ստեղծագործական հետաքրքրիր մտահաղացումներ: Երեխաներն անհամբեր սպասում էին փոխայլցելությունների, միմյանց կատարումներով հիանալու առիթների, բարեգործական համերգների:
   Եվ ահա վերջերս Բերձորի երաժշտական դպրոցի տնօրեն Արմեն Բալասանյանի հրավերով և Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Բեգլարյանի հովանավորությամբ, արվեստի դպրոցի սաները համերգային փոքրիկ շրջագայության մեկնեցին Արցախ:
    Երեք օր, երեք համերգ` Բերձորում, Շուշիում, Ստեփանակերտում. հրաշալի կատարումներ, ջերմ ընդունելություն:
    Առաջին համերգը Բերձորում էր. ներկա էր նաև քաղաքապետը` Արթուր Սահակյանը: Մեր երեխաների կատարումներից ոգևորված` դաշնամուրին մոտեցավ դպրոցի տնօրեն և դաշնակահար Արմեն Բալասանյանը, ում նվագը երաժիշտ-ունկնդիրները ցնծությամբ ընդունեցին: Իր հանպատրաստից ելույթով երեխաներին հիացրեց հայտնի ջութակահար, ջութակի դասատու Արմեն Ջենտերեջյանը: Ի դեպ, երկուսն էլ երևանցի, երկուսն էլ արցախյան կանչով այստեղ եկած:
     Երեխաների համերգը Շուշիում և Ստեփանակերտում նույնպես լեփ-լեցուն դահլիճներում կայացավ: Զգալի էր, որ ղարաբաղյան հանդիսատեսը սիրում է և կարիք ունի հայկական ժողովրդական երգ ու նվագի:
   Շուշիի համերգը նկարահանվեց Արցախ հեռուստատեսության կողմից, հարցազրույցներում երեխաներն իրենց անմոռաց տպավորությունները ներկայացրեցին իրենց հատուկ ոգևորությամբ:
   Ղարաբաղը դեռևս մասնագետ երաժիշտների պակաս ունի և,առիթն օգտագործելով, Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի տնօրենը վոկալի ուսուցչուհի Նարինե Թովմասյանին և թառի ուսուցիչ Հովիկ Սահակյանին հրավիրեց "Վարպետաց դասեր" անցկացնելու:
   Իրենց հրաշալի, պրոֆեսիոնալ կատարումներով թիվ 17 արվեստի դպրոցի 17 սաները ներկայացրին հայկական ժողովրդական նվագարանները, հայ երգը և Հայաստան վերադարձան հարուստ տպավորություններով. ընդունելությունից, չքնաղ բնությունից, և, իհարկե, Գանձասարից:
  Ամենատպավորիչն այն էր նաև, ոև երեխաները հյուրընկալվեցին տարբեր ընտանիքներում, շփվեցին ղարաբաղցիների հետ, սիրեցին նրանց բարբառը, նիստուկացը, ուտեստները...Իսկ ընտանեկան հուզիչ մթնոլորտում ինքնաբուխ համերգները հավերժ միասնության լավագույն առհավատչյան էին:
 սեփ. լր.

      
"Կրթություն"- ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծ" հրատ., N 52, էջ 4, դեկտեմբ. 24, 2010թ.
Կատեգորիա: Հոդավծներ Դպրոցի Մասին | Ավելացրեց: Admin (2011-05-25)
Դիտումներ: 780 | տեգ: հոդվածներ | Ռեյտինգ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0